ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ | Մարգարեն

Ջեբրան Խալիլ Ջեբրան

հատվածներ էսսեից

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց հռետորը.
_ Ասա’ մեզ ազատության մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Քաղաքի դարպասների և ձեր օջախների մոտ ես
տեսել եմ, թե ինչպես եք դուք ծնրադրում և
խոնարհվում ձեր ազատությանը,
այդպես ստրուկներն են քծնում բռնակալի առջև
և փառաբանում են նրան, թեև նա սպանում է նրանց:
Այո, տաճարի պուրակում և ամրոցի ստվերում ես տեսել եմ,
թե ձեզանից ամենաազատներն ինչպես են իրենց ազատությունը
կրում որպես լուծ և ձեռնաշղթաներ:
Եվ իմ սիրտն արյունում էր, քանզի դուք
կարող եք ազատ դառնալ միայն այն ժամանակ,
երբ նույնիսկ ազատություն փնտրելու բուն ցանկությունն իսկ
բեռ կդառնա ձեզ համար և դուք կդադարեք ազատության մասին
խոսել որպես փնտրվող ու ձեռք բերվող բանի:
Դուք այն ժամանակ չեք դառնա իսկապես ազատ,
երբ ձեր օրերն ու ձեր գիշերները ազատ կլինեն կարիքից ու վշտից:
Այլ այն ժամանակ՝ երբ ձեր կյանքը գոտևորված կլինի
դրանցով, բայց դուք դրանցից վեր կբարձրանաք
մերկացած, առանց շղթաների:
Եվ ինչպե՞ս դուք վեր կբարձրանաք օրերից ու գիշերներից՝
եթե ձեր ըմբռնման արշալույսին չպոկեք այն կապանքները,
որոնցով դուք շղթայել եք ձեր միջօրեն:

Հիրավի այն, ինչը դուք ազատություն եք կոչում,
ամենաամուրն է այդ շղթաներից, թեև նրա օղակները
փայլում են արևի տակ և կուրացնում են ձեր աչքերը:
Եվ ի՞նչը, եթե ոչ ձեր էության մասնիկները, դուք կուզենայիք
մի կողմ շպրտել, որպեսզի ազատություն ձեռք բերեիք:
Եթե դա անարդար օրենք է, որը դուք կուզեիք փոխել,
ապա այդ օրենքը հենց ձեր ձեռքով է գրվել ձեր ճակատին:
Դուք չեք կարող ջնջել այն, եթե դուք նույնիսկ կրակը նետեք
օրենքների գրքերը. դուք չեք կարող լվանալ այն
ձեր դատավորների ճակատներից, եթե նույնիսկ
ամբողջ ծովի ջուրը լցնեք դրա վրա:
Իսկ եթե դա բռնակալ է, որին դուք կուզենայիք
գահընկեց անել, ապա նախ նայեք՝ քանդվա՞ծ է արդյոք
նրա գահը, որ ձեր հոգում է կառուցված:
Քանզի ինչպե՞ս կարող է բռնակալն իշխել ազատներին ու հպարտներին,
եթե նրանց ազատության մեջ բռնակալություն չկա
և նրանց հպարտության մեջ ամոթը չկա:
Եթե դա հոգս է, որից դուք կուզենայիք ազատվել,
ապա այդ հոգսն ավելի շուտ հենց դուք եք ընտրել,
քան թե դա պարտադրված է եղել ձեզ:
Եվ եթե դա վախ է, որը դուք կուզեիք ձեզանից վանել,
ապա այդ վախի աղբյուրը ձեր սրտում է, այլ ոչ թե վախեցնողի ձեռքում:
Հիրավի, ձեր էության մեջ ամեն բան շարժվում է անփոփոխ կիսագրկման մեջ՝
ցանկալին ու սարսափեցնողը, նողկալին ու նվիրականը,
այն, ինչը դուք փնտրում եք, և այն, ինչից դուք կփախչեիք:
Այդ ամենը շարժվում է ձեր մեջ, ինչպես զույգ կազմած լույսն ու ստվերը:
Երբ ստվերը գունատվում ու անհետանում է, մարող լույսը
ուրիշ լույսի ստվեր է դառնում:
Այդպես էլ ձեր ազատությունը, որ իր կապանքները կորցնելով՝
ինքն է կապանք դառնում ավելի մեծ ազատության:

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՔԻ ՄԱՍԻՆ

Նորից խոսեց քրմուհին և խնդրեց.
_ Ասա’ մեզ Բանականության և Կրքի մասին:
Եվ ասաց նա ի պատասխան.
_ Հաճախ ձեր հոգին մարտադաշտ է, որում բանականությունը և կամքը
պատերազմում են կրքերի և մղումների դեմ:
Օ, եթե ես կարողանայի խաղաղարար դառնալ ձեր հոգում,
եթե ինձ հաջողվեր ձեր մասնիկների տարաձայնությունն ու
հակառակորդությունը դարձնել մեղեդի և միասնություն:
Բայց ես ինչպե՞ս հասնեմ դրան, եթե հենց դուք ինքներդ
ձեր բոլոր մասնիկները սիրող խաղարար չդառնաք:
Ձեր բանականությունն ու կիրքը ծովում լողացող
ձեր հոգու ղեկն ու առագաստն են:
Եթե ձեր առագաստներն ու ղեկը կոտրված են, դուք կարող եք
քշվել ալիքներից ու լողալ հոսանքով կամ անշարժ կանգնել բաց ծովում:
Քանզի բանականությունը, երբ այն միայնակ է իշխում, սահմանափակող ուժ է.
իսկ միայն կիրքը բոց է, որն այրում է ինքն իրեն:
Դրա համար էլ թող ձեր հոգին բանականությանը բարձրացնի կրքի գագաթին,
որ նա կարողանա երգել. եվ թող նա կրքին ուղղորդի բանականությամբ,
որպեսզի ձեր կրրքը ապրի՝ ամեն օր վերածնվելով, և Փյունիկի պես մոխիրներից հառնելով:
Ես կուզենայի, որ դուք ձեր կամքն ու ձեր մղումները
համարեիք երկու թանկագին հյուր ձեր տանը:
Չէ՞ որ դուք հյուրերից մեկին ավելի շատ պատիվներ չեք տա մյուսի համեմատ. քանզի նա, ով ավելի ուշադիր է մեկ հյուրի հանդեպ, երկուսի սերն ու վստահությունն էլ կորցնում է:
Երբ դուք նստում եք բլուրների միջև, արծաթափայլ բարդիների զով ստվերում՝
հեռավոր դաշտերի ու մարգագետինների հետ կիսելով խաղաղությունն ու անդորրը, այդժամ թող ձեր սիրտը լռության մեջ շշնջա. «Աստված հանգստանում է բանականության մեջ»:
Երբ փոթորիկը պայթի և հզոր քամին սկսի ճոճել անատառի ծառերը, իսկ որոտն ու կայծակը ազդարարեն երկնքի վեհությունը, այդժամ թող ձեր սիրտը երկյուղած բացականչի. «Աստված շարժվում է կրքի մեջ»:
Եվ քանի որ դուք շնչառություն եք Աստծո աշխարհում
եվ տերև եք Աստծո անտառում, դուք ևս հանգստացեք բանականության մեջ
եվ շարժվեք կրքի մեջ:

ՑԱՎԻ ՄԱՍԻՆ

Հետո հարցրեց մի կին.
_ Ասա’ մեզ Ցավի մասին:
Եվ նա ասաց.
_ Ձեր ցավը երկփեղկումն է խեցու, որում ամփոփված է
ըմբռնելու ձեր շնորհը:
Ինչպես պտղի կորիզն է հարկավոր ջարդել, որ նրա միջուկը արև տեսնի,
այնպես էլ դուք պետք է ճանաչեք ցավը:
Եթե ձեր սիրտը չդադարեր ապշել կյանքի ամենօրյա հրաշքներից,
ապա ձեր ցավը ոչ պակաս ապշեցուցիչ կթվար, որքան ուրախությունը:
Եվ դուք ձեր սրտի տարվա եղանակները կընկալեիք այնպես, ինչպես
միշտ ընկալել եք ձեր դաշտերի վրայով անցնող տարվա եղանակները:
Եվ դուք անխռով կնայեիք ձեր տխրության ձմեռների միջով:
Ձեր ցավի մեջ շատ բան դուք ինքներդ եք ընտրել:
Դա դառը դեղ է, որով ձեր ներսի բուժակը դարմանում է ձեր հիվանդ էությունը:
Դրա համար էլ վստահեք բուժակին և լռությամբ ու հանգստությամբ խմեք նրա դեղերը. քանզի նրա ձեռքը՝ ծանր և ամուր, Անտեսանելու հոգատար ձեռքով է ուղղորդվում,
Ու թեև ձեր շուրթերն այրում է նրա մոտեցրած թասը, դա այն կավից է պատրաստված, որը բրուտը թրջել է իր սրբազան արցունքներով:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվ խնդրեց մի տղամարդ.
_ Ասա’ մեզ Ինքնաճանաչման մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Ձեր սրտերն անդորրության մեջ են ճանաչում օրերի ու գիշերների գաղտնիքները:
Բայց ձեր ականջները տենչում են ձեր սրտի իմացածը լսել:
Դուք կցանկանայիք բառերով ճանաչել այն, ինչ դուք միշտ գիտեիք մտովի:
Դուք կցանկանայիք մատներով հպվել մերկ մարմնին ձեր երազների:
Եվ դա սքնչելի է:
Ձեր հոգու գաղտնի աղբյուրը պետք է հորդա և խոխոջալով հոսի դեպի ծովը.
Եվ սեփական անսահման խորությունների գանձը կբացվի ձեր հայացքների առջև:
Բայց մի’ փորձեք կշռել ու չափել ձեր անհայտ գանձարանը.
Եվ մի’ փորձեք ձեր իմացության խորությունը չափել գավազանի ու խորաչափի օգնությամբ:
Քանզի այն ծով էանսահման ու առանց չափի:
Մի’ ասեք. «Ես բացահայտել եմ ամբողջ ճշմարտությունը», այլ
ավելի լավ է ասեք. «Ես բացահայտել եմ ճշմարտությունը» :
Մի’ասեք. «Ես բացահայտել եմ հոգու ճանապարհը»: Ավելի լավ է
ասեք. «Ես հանդիպել եմ իմ ուղով գնացող հոգուն»:
Քանզի հոգին բոլոր ճանապարհներով է գնում: Հոգին միայն մի
ուղղությամբ չի գնում և չի աճում շաքարեղեգի պես: Հոգին բացվում է
անսահման թերթիկներ ունեցող լոտոսի նման:

ՀԱՆՑԱՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

Այնուհետև առաջ եկավ քաղաքի դատավորն ու խնդրեց.
_ Ասա’ մեզ Հանցանքի ու Պատժի մասին:
Եվ ասաց նա ի պատասխան:
_ Այն ժամին, երբ ձեր հոգին ճամփորդում է քամու թևերին,
Դուք, միայնակ ու անպաշտպան, չարիք եք պատճառում
ուրիշներին, այսինքն նաև ձեզ:
Այդ պատճատով էլ դուք կթակեք ու անտեսված կմնաք
Օրհնյալի դարպասների մոտ:

Ձեր աստվածային էությունը օվկիանի է նման.
Այն միշտ մաքուր է մնում:
Եվ, եթերի նման, այն բարձրացնում է միայն թևավորվածներին:
Արևի է նման ձեր աստվածային էությունը.
Այն չի ճանաչում խլուրդի մուտքերն ու օձի բներ չի փնտրում:
Բայց ձեր բնույթը լոկ աստվածային էությունից չի բաղադրված
Ձեր մեջ շատ բան դեռևս մարդ է, և շատ բան ձեր մեջ դեռևս մարդ չէ,
այլ ընդամնը այլանդակ գաճաճ, որ քնատ թափառում է մշուշում՝ իր
արթնացումը փնտրելով:
Ձեր մեջ եղած մարդու մասին եմ ես հիմա ուզում ասել:
Քանզի նա գիտի հանցանքի ու պատժի մասին,
այլ ոչ թե աստվածային էությունը կամ գաճաճը մշուշում:

Հաճախ էի ես լսում: Նրա մասին, ով չարիք է արարել,
դուք այնպես էիք խոսում, ասես նա ձեզանից մեկը չէ,
ասես օտար է ձեզ և անկոչ հյուր է ձեր աշխարհում:
Բայց ես ասում եմ. ճիշտ այնպես, ինչպես սրբերն ու բարեպաշտները
չեն կարող ավելի վեր բարձրանալ, քան բարձրագույնը, որ ձեզանից
յուրաքանչյուրի ներսում առկա է, այդպես էլ չարերն ու թույլերը
չեն կարող ավելի ցած անկել, քան ամենաստորը, որ նույնպես ձեր մեջ կա:
Ճիշտ նույն կերպ՝ ոչ մի տերև չի դեղնի առանց ամբողջ ծառի լուռ
համաձայնության:
Այդպես էլ չարիք պատճառողը չի կարող արարել դա,
եթե դուք բոլորդ թաքնված ձևով նույնը չկամենաք:
Միասնական երթով դուք միասին ընթանում եք
դեպի ձեր աստվածային էությունը: Դուք ուղին եք ու նաև ուղևորներն եք:
Եվ երբ ձեզանից մեկն անկում է ապրում, նա ընկնում է նաև
հետևից գնացողների տեղակ՝ զգուշացնելով նրանց փորձության քարի մասին:
Նա ընկնում է նաև նրանց տեղակ, ովքեր առջևից են գնում, նրանց տեղակ՝
ովքեր թեև ավելի արագ ու ավելի վստահ են քայլում, բայց չեն հեռացրել քարը:
Եվ ահա թե էլի ինչ կասեմ ես ձեզ, թեև այդ խոսքը կծանրացնի ձեր հոգիները.
Սպանվածը նույնպես մասնակից է իր սպանությանը, և թալանվածը նույնպես
մեղավոր է այն բանում, որ թալանել են իրեն:
Առաքինին մեղավոր է անազնիվի արարքներում,
եվ ազնիվը կեղտոտված է չարագործի արարքներով:
Այո, մեղավորն հաճախ վիրավորվածի զոհն է լինում,
Էլ ավելի հաճախ՝ պատժվածը կրում է
անմեղների ու անթերիների ծանր բեռը:
Դուք չեք կարող բաժանել արդարին անարդարից
եվ արժանավորին անարժանից.
Քանզի նրանք միասին են կանգնած արևի առջև,
ինչպես որ միասնաբար իրար են հյուսված սև թելն ու սպիտակը:
Ու երբ սև թելը կտրվում է, ջուլհակը ամբողջ հյուսվածքն է զննում
և ստուգում է գործելու հաստոցը:

Եթե ձեզանից մեկը անհավատարիմ կնոջ բերի դատարան,
թող կշեռքի նժարներին կշռի նաև նրա ամուսնու սիրտը:
Եվ թող նա, ով վիրավորողին խփել կուզենա,
նաև թող վիրավորվածի հոգու մեջ թափանցի:
Եվ եթե ձեզանից մեկը ցանկանա պատժել հանուն արդարության
և կացինը նիհար ծառի մեջ խրի, թող նա նայի նրա արմատներին.
Հիրավի, նա կգտնի լավ և վատ արմատներ, պտղաբեր և անպտուղ՝
միասնաբար հյուսված Երկրի լուռ սրտում:
Իսկ դուք, դատավորներդ, ովքեր ցանկանում են արդար լինել:
Ի՞նչ դատավճիռ եք կայացնում նրան, ով մաքուր է մարնով, բայց գող է հոգով:
Ինչպիսի՞ պատժի կենթարկեք նրան,
ով մեռցնում է մարմնով, բայց ինքը մեռած է հոգով:
Դուք ինչպե՞ս կարող եք մեղադրել նրան,
ով վարվում է որպես խաբեբա և զրկիչ,
բայց ինքն է զրկված ու հայհոյված:
Ի՞նչ ձևով դուք կպատժեք նրանց,
ում զղջումն արդեն գերազանցել է գործած չարիքին:
Զղջումը հենց արդարադատություն չէ՞, որ
ուղարկվում է այն նույն օրենքով, որին դուք ուրախությամբ կծառայեիք:
Բայց դուք չեք կարող անմեղին ստիպել զղջալ
և ազատել մեղավորի սիրտը զղջումից:
Առանց հրավերքի այն ձայն կտա գիշերով, որ մարդիկ
արթնանան և նայեն իրենց ներսը:
Դուք, արդարությունն ըմբռնել ցանկացողներ,
դուք ի՞նչ կարող եք անել, մինչև ամեն ինչին
պայծառ լույսի պայմաններում չնայեք:
Միայն այդժամ դուք կիմանաք, որ վեր ելածն ու անկում ապրածը
միևնույն մարդն է՝ կանգնած մութուլուսին իր աստվածային
էության ցերեկվա ու գաճաճի էության գիշերի միջև:
Եվ որ տաճարի անկյունաքարը բնավ էլ բարձր չէ
նրա հիմքում դրված ամենաստորին քարից:

 

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Այդժամ Ալ–Միտրան խնդրեց.
— Ասա’ մեզ Սիրո մասին:
Նա բարձրացրեց գլուխը, նայեց ժողովրդին, և լռություն տիրեց:
Այդ ժամանակ նա բարձր ձայնով ասաց.
— Եթե սերն է առջնորդում ձեզ, ապա գնացե՛ք նրա հետևից, թեև նրա ճանապարհները դժվարին են և փշոտ:
Եթե նա համակի ձեզ իր թևերով, ապա անսացե՛ք նրան, եթե նույնիսկ ձեզ վիրավորել է նրա փետուրնե-րի մեջ թաքնված սուրը:
Եվ եթե սերն է ասում ձեզ, հավատացե՛ք նրան, եթե նույնիսկ նրա ձայնը կործանում է ձեր երազանքնե-րը, ինչպես այգին ամայացնող հյուսիսային քամին:
Քանզի սերն է պսակում ձեզ, բայց նա էլ խաչում է ձեզ:
Նա է աճեցնում ձեզ, բայց նա էլ կտրում է:
Նա բարձրանում է դեպի ձեր բարձունքն ու գրկում է արևի տակ դողացող ձեր քնքուշ ճյուղերը: Եվ հենց նա էլ իջնում է մինչև հողի մեջ խրված ձեր արմատներն ու ցնցում է դրանք:
Ցորենի խրձերի պես նա ձեզ իր շուրջն է հավաքում:
Նա կալսում, ծեծում է ձեզ, որպեսզի մերկացնի:
Նա քամուն է տալիս ձեզ, որ առանձնացնի թեփից:
Նա շիկացնում է ձեզ սպիտակելու աստիճան:
Նա տրորում է ձեզ՝ մինչև դուք կփափկեք:
Իսկ հետո նա ձեզ, իր սուրբ կրակին է հանձնում, որպեսզի դուք սրբազան հաց դառնաք Աստծու սուրբ հաղորդության համար:
Սերն այդ ամենն անում է ձեզ հետ, որ դուք ճանաչեք ձեր սրտի գաղտնիքներն ու այդ ըմբռնման միջո-ցով Կյանքի սրտի մասը դառնաք:
Բայց եթե վախենալով դուք սիրո մեջ միայն հանգստություն ու բերկրանք փնտրեք, ապա ավելի լավ է դուք ծածկեք ձեր մերկությունը և սիրո կալատեղը լքելով՝ գնաք մի աշխարհ, ուր տարվա եղանակներ չկան, որտեղ դուք կծիծաղեք, բայց ոչ ի սրտե, և լաց կլինեք, բայց ոչ կուշտ ու կուռ:
Սերը տալիս է միայն իրեն և վերցնում է միայն իրենից: Սերը ոչնչի չի տիրում և չի ցանկանում, որ որևէ մեկը տիրի իրեն, քանզի սերը բավարարվում է սիրով:
Եթե դու սիրում ես, ապա մի՛ ասա՝ «Աստված իմ սրտում է», ավելի լավ է ասա. «Ես Աստծու սրտում եմ»: Եվ մի՛ մտածիր, որ դու կարող ես տիրապետել սիրո ուղիներին, քանզի եթե սերը քեզ արժանի հա-մարի, ապա կուղղորդի քո ճանապարհը:
Սիրո միակ ցանկությունն ինքն իրեն արտահայտելն է:
Բայց եթե դու սիրում ես և չես կարողանում հրաժարվել ցանկություններից, ապա թող քո ցանկություննե-րը լինեն.
Հալվել ու նմանվել վազող առվակին, որ գիշերին երգում է իր երգը.
Ճանաչել անսահման քնքշանքից ծնվող ցավը.
Վիրավորել իրեն՝ սիրո սեփական ճանաչման միջոցով.
Արնահոսել հաճույքով և ուրախությամբ.
Արշալույսին ելնել թևավորված սրտով ու երախտագիտություն հայտնել սիրո ևս մեկ օրվա համար.
Կեսօրին հանգստություն ձեռք բերել ու սիրային էքստազի մասին մտքերին տրվել.
Երեկոյան երախտագիտությամբ վերադառնալ տուն: Եվ քնել՝ սիրելիի համար աղոթք ունենալով իր սր-տում և գովերգ՝ շուրթերին:

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այնուհետև նորից խոսեց ալ–Միտրան.
— Ի՞նչ կասես դու Ամուսնության մասին, Ուսուցի՛չ:
Եվ նա պատասխանեց.
— Դուք միասին եք ծնվել և միասին կլինեք հավերժ:
Դուք միասին կլինեք, երբ մահվան սպիտակ թևերը կցրեն ձեր օրերը:
Դուք միասին կլինեք նույնիսկ Աստծո լուռ հիշողության մեջ:
Բայց ձեր մոտիկությունը թող չափից ավելի չլինի:
Սիրեք միմյանց, բայց սերը շղթաների մի՛ վերածեք:
Ավելի լավ է թող այն անհանգիստ ծով լինի ձեր հոգիների ափերի միջև:
Լցրե՛ք միմյանց բաժակները, բայց մի՛ խմեք մի բաժակից:
Միմյա՛նց տվեք ուտելու ձեր հացը, բայց մի՛ կերեք մի կտորից:
Երգե՛ք, պարե՛ք միասին և հաճո՛ւյք ստացեք, բայց թող ձեզանից ամեն մեկը միայնակ լինի, ինչպես որ միայնակ են վինի լարերը, թեև նրանցից մեկ երաժշտություն է ելնում:
Տվե՛ք միմյանց ձեր սրտերը, բայց ոչ տիրելու համար:
Քանզի միայն Կյանքի ձեռքը կարող է ընդունել ձեր սրտերը:
Կանգնե՛ք միասին, բայց ոչ իրար շատ մոտիկ:
Քանզի տաճարի սյուներն առանձին են կանգնած, և կաղնին ու նոճին կողք կողքի չեն աճում:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ կինը, որ երեխա ուներ գրկին, խնդրեց.
— Ասա՛ մեզ երեխաների մասին:
Եվ նա ասաց.
— Ձեր երեխաները ձեզ համար չեն:
Նրանք Կյանքի՝ ինքն իր նկատմամբ կարոտի որդիներն ու դուստրերն են:
Նրանք գալիս են ձեր շնորհիվ, բայց ոչ ձեզանից:
Ու թեև նրանք ձեզ հետ են, նրանք ձեզ չեն պատկանում:
Դուք կարող եք նրանց տալ ձեր սերը, բայց ոչ ձեր մտքերը: Քանզի նրանք իրենց մտքերն ունեն:
Դուք կարող եք օթևան տալ նրանց մարմիններին, բայց ոչ հոգիներին:
Քանզի նրանց հոգիները վաղվա օրվա տանն են բնակվում, որտեղ դուք չեք կարող լինել նույնիսկ երա-զում:
Դուք կարող եք ձգտել նմանվել նրանց, բայց մի՛ ձգտեք նրանց ձեզ նման դարձնել: Քանզի կյանքը հետ չի դառնում և կանգ չի առնում վաղվա օրվա վրա:
Դուք աղեղներ եք, որոնցից ձեր երեխաները, որպես կենդանի նետեր, արձակված են առաջ:
Նետաձիգը տեսնում է նպատակը անսահմանության ուղու վրա և ճկում է ձեզ իր ուժով, որպեսզի նրա նետերը թռչեն արագ և հեռու:
Նետաձիգի ձեռքում ձեր ճկվելը թող ուրախություն կրի իր մեջ:
Քանզի նետաձիգն ինչպես որ սիրում է թռչող նետը, այնպես էլ սիրում է և աղեղը, որն անշարժ է:

 

ՈՒՏԵԼԻՔԻ ԵՎ ԽՄԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ

Այնուհետև ծերունին՝ պանդոկի տերը, հարցրեց.
— Ասա՛ մեզ Ուտելիքի և Խմելիքի մասին:
Եվ նա ասաց.
— Եթե դուք միայն կարողանայիք ապրել՝ ներշնչելով Երկրի բուրմունքը, և ձեզ սներ լույսը՝ որպես օդա-յին արմատներ ունեցող բույսի:
Բայց քանի որ դուք ստիպված եք սպանել՝ կշտանալու համար, և մայրական կաթից զրկել մանկիկին՝ ձեր ծարավը հագեցնելու համար, ապա թող դա գաղտնիք մնա:
Թող ձեր սեղանը զոհարան լինի, որի վրա անտառի մաքուրներին ու անմեղներին զոհաբերեն մարդու մեջ եղած է՛լ ավելի մաքուրին ու անմեղին:
Երբ դուք սպանում եք գազանին, ձեր սրտում ասե՛ք նրան. «Այն նույն ուժը, որը խոցեց քեզ, կխոցի նաև ինձ, և ինձ ևս կուլ կտան:
Քանզի օրենքը, որը քեզ իմ ձեռքը հանձնեց, ինձ ավելի զորեղ ձեռքերի ձեռքը կհանձնի: Քո արյունն ու իմ արյունը ընդամենը խոնավություն են, որ սնում են Երկնային ծառին»:
Երբ դուք խնձոր եք կծում, ասե՛ք նրան ձեր սրտում. «Քո սերմերը կապրեն իմ մարմնում, քո վաղվա օր-վա կոկոնները կբացվեն իմ սրտում:
Քո բուրմունքն իմ շնչառությունը կդառնա, և մենք միասին կուրախանանք տարվա բոլոր եղանակնե-րին»:
Աշնանը, երբ դուք խաղող եք հավաքում ձեր հնձաններում, որպեսզի նրանից հյութ քամեք, ասացե՛ք ձեր սրտում. «Ես էլ խաղողի վազ եմ, և իմ պտուղները ճմռելու հորի մեջ են ընկնելու, և ինձ էլ, որպես նոր գինի, պահելու են հավերժական անոթներում»:
Եվ ձմռանը, երբ դուք գինին հանեք, ձեր սրտում գովերգե՛ք նրա ամեն մի թասը:
Եվ թող այդ երգում լինի հիշողությունը աշնանային օրերի, խաղողի վազի ու ճմռելու հորի մասին»:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այդժամ հարուստ մարդը խնդրեց.
— Ասա՛ մեզ նվիրատվության մասին:
Եվ նա պատասխանեց.
— Դուք միայն չնչին մասն եք տալիս, երբ տալիս եք ձեր ունեցվածքից:
— Դուք իսկապես տալիս եք միայն այն ժամանակ, երբ ձեզանից եք տալիս:
Քանզի ի՞նչ է ձեր ունեցվածքը, եթե ոչ իրեր, որոնք դուք պահում ու պահպանում եք այն վախից, որ դրանք վաղը կարող են պետք գալ ձեզ: Վաղվա օրն ի՞նչ կարող է տալ ամենախելամիտ շանը, որը սուրբ քաղաք գնացող ուխտավորների հետևից գնալիս ոսկորը թաղում է մաքուր ավազի մեջ:
Ի՞նչ է կարիքի հանդեպ վախը, եթե ոչ հենց կարիք:
Մի՞թե վախը, որ վաղը կարող եմ ծարավել այն դեպքում, երբ ջրհորը լիքն է, հենց չհագեցող ծարավ չէ:
Կան այնպիսիները, որոնք քիչ են տալիս այն շատից, ինչին տիրում են: Նրանք տալիս են, որ փառա-բանվեն, և այդ թաքուն ցանկությունը նրանց նվիրատվությունները զզվելի է դարձնում:
Եվ կան այնպիսիները, որոնք տալիս են այն ամբողջ քիչը, ինչ իրենք ունեն:
Նրանք հավատում են կյանքին ու կյանքի առատաձեռնությանը, և նրանց սնդուկները դատարկ չեն լի-նում:
Կան այնպիսիները, որոնք տալիս են ուրախությամբ, և դա նրանց պարգևատրությունն է:
Կան այնպիսիները, որոնք ցավով են տալիս, և դա նրանց մկրտությունն է:
Եվ կան այնպիսիները, որոնք տալիս են և ցավ չեն զգում, նրանք ուրախություն չեն փնտրում և այն հույ-սով չեն տալիս, որ դա հաշվի կառնվի:
Նրանք այնպես են տալիս, ինչպես մրտենին օդը հագեցնում է իր բուրմունքով:
Նրանց նմանների ձեռքով Ամենաբարձրյալն է խոսում, և նրանց աչքերով նա ժպտում է Երկրին:
Լավ է տալը, երբ խնդրում են, բայց ավելի լավ է տալ առանց խնդրանքի՝ կանխատեսելով:
Առատաձեռնի համար ստացողին գտնելն ավելի մեծ ուրախություն է, քան բուն տալը:
Կա՞ արդյոք մի բան, որ արժանի լինի թաքցնելու:
Այն ամենը, ինչ դուք ունեք, ինչ–որ մի ժամանակ տրվելու է:
Դրա համար էլ տվե՛ք այժմ, որպեսզի նվիրաբերելու ժամանակը ձերը լինի, այլ ոչ թե ձեր հետնորդների ժամանակը լինի:
Հաճախ դուք ասում եք. «Ես կտամ, բայց միայն արժանավորին»: Ձեր այգու ծառերը և արոտներում կենդանիների հոտերը այդպես չեն ասում:
Նրանք տալիս են, որպեսզի ապրեն, քանզի թաքցնել նշանակում է զոհվել:
Հիրավի նա, ով արժանի է ստանալ իր օրերն ու գիշերները, արժանի է ձեզանից ստանալ մնացած ամեն ինչը: Եվ նա, ով արժանացել է կյանքի օվկիանոսից խմելուն, արժանի է ձեր առվակից իր գավա-թը լցնելուն:
Կա՞ արդյոք ավելի մեծ անապատ, քան այն, որն ընդունելու ձեր համարձակության, վստահության և նույնիսկ մեծամիտ–զիջողականության մեջ է ամփոփված:
Դուք ո՞վ եք, որ մարդիկ բացվեն ձեր առջև և հանեն հագուստներն իրենց հպարտության վրայից, որ-պեսզի դուք տեսնեք նրանց մերկ էությունը և ամոթխածությունից զերծ նրանց հպարտությունը:
Սկզբում նայե՛ք՝ դուք ինքներդ արժանի եք արդյոք նվիրաբերում անելու և նվիրաբերության գործիք լի-նելու:
Քանզի հիրավի միայն կյանքն է կյանք տալիս, իսկ դուք, որ ձեզ նվիրաբերողներ եք համարում, ընդա-մենը հանդիսատեսներ եք:
Դո՛ւք, նվիրաբերություններ ընդունողներ, իսկ դուք բոլորդ էլ ընդունողներ եք, ձեզ վրա երախտագի-տության բեռ մի՛ վերցրեք, որպեսզի լուծ չդնեք ձեզ վրա և տվողի վրա:
Ավելի լավ է նվիրաբերողի հետ միասին բարձրացե՛ք նրա ընծաների վրա, ինչպես թևերի վրա:
Քանզի իր պարտքի մասին չափից ավելի անհանգստանալը նշանակում է կասկածել մեծահոգությանը նրա, ում մայրն առատաձեռն Երկիրն է, իսկ հայրն Աստվածն է:

 

ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

Եվ քաղաքի ավագներից մեկը խնդրեց.
_ Ասա’ մեզ Բարու և Չարի մասին:
Եվ նա պատասխանեց.
_ Ձեր ներսում եղած բարու մասին կարող եմ ես խոսել, բայց ոչ չարի մասին: Քանզի
ինչ է չարը, եթե ոչ քաղցից ու ծարավից բզկտվող բարին:
Հիրավի, երբ բարին քաղցում է, նա նույնիսկ մութ անձավներում է սկսում կերակուր
փնտրել, և երբ ծարավում է՝ նույնիսկ հոտած ջուր է խմում:
Դուք բարի եք, երբ ինքներդ ձեզ հետ մնացած եք լինում: Բայց երբ ինքներդ ձեզ
հետ մնացած չեք լինում, դուք չար չեք:
Քանզի լքված տունը գողերի որջ չէ, այն ընդամենը լքված տուն է:
Առանց ղեկի նավը ևս կարող է աննպատակ թափառել նենգ կղզիների միջև, բայց
ջրասույզ չլինել:
Դուք բարի եք, երբ ձգտում եք տալ ինքներդ ձեզանից: Բայց դուք չար չեք, երբ
ձեզ համար շահ եք որոնում: Քանզի երբ դուք ձգտում եք շահ ստանալ, դուք
ընդամենը արմատ եք, որ կառչում է հողին և ծծում է նրա կուրծքը:
Հիրավի, պտուղը չի կարող արմատին ասել. «Եղիր այնպիսին, ինչպիսին ես եմ՝
հասուն, հյութեղ և իր առատությունից հավերժորեն տվող»:
Քանզի պտղի համար տալը պահանջմունք է, ինչպես ստանալը պահանջմունք է արմատի համար:
Դուք բարի եք՝ քնից լիովին արթնանալով, բայց դուք չար չեք, երբ քնած եք և
ձեր լեզուն դատարկություն է բլբլում:
Եվ նույնիսկ թլվատ խոսքը կարող է ամրացնել թույլ լեզուն:
Դուք բարի եք, երբ քաջաբար, վստահ քայլվածքով եք ընթանում դեպի ձեր նպատակը:
Բայց դուք չար չեք, երբ կաղալով եք գնում դեպի այն: Նույնիսկ նրանք,
ովքեր կաղում են, հետ չեն գնում: Բայց դուք՝ ուժեղներ և արագներ,
կաղ մի ձևացեք կաղերի առջև՝ համարելով դա բարիք:
Հաշիվ չկա ձեր բարի գործերին, բայց դուք չար չեք նաև այն ժամանակ, երբ դուք
բարի չեք: Դուք ընդամենն անգործությանն եք տրվում և ծուլանում եք: Ափսոս, որ
եղնիկները չեն կարող կրիաներին ճարպկություն սովորեցնել:
Ձեր էությունը հսկայի էություն է: Ձեր բարությունը դեպի հսկայի ձեր այդ էությունն
ուղղված ձեր մղումի մեջ է, և այդ մղումը ձեզանից յուրաքանչյուրի մեջ առկա է:
Միայն թե ոմանց մոտ այդ մղումը բուռն հորձանք է, որ ընթանում է դեպի լեռնային լանջերի ու անտառի երգերի խորհուրդը իր մեջ ամփոփած ծովը: Իսկ մյուսների մոտ այն մանր առվակ է, որ ճյուղերի բաժանվելով ու գալարահոս ընթանալով՝ ավելի շուտ է սպառվում, քան ափ կհասներ:
Բայց թող նա, ով շատ բաներ է տենչում, չհարցնի նրան, ով քչով է
բավարարվում. «Ինչո՞ւ ես դու հապաղում և տատանվում»:
Քանզի նա, ով իսկապես բարի է, չի հարցնի մերկին. «Ո՞ւր է քո հագուստը»
և չի հարցնի անտունին. «Ի՞նչ է եղել քո տունը»:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Այնուհետև հարցրեց հողագործը.
_ Ասա’ մեզ աշխատանքի մասին:
Եվ ի պատասխան նա ասաց.
Դուք աշխատում եք, որպեսզի չկտրվեք Եկրից ու նրա Հոգուց:
Քանզի անբան լինել նշանակում է օտար դառնալ տարվա եղանակներին և դուրս գալ կյանքի երթից, որ իր ամբողջ վեհությամբ և հպարտ խոնարհությամբ ընթանում է դեպի անսահմանություն:
Երբ դուք աշխատում եք, դուք ֆլեյտա եք, որի սրտում
ժամանակի շշունջը երաժշտության է վերածվում:
Ձեզանից ո՞վ կցանկանար համր ու անմռունչ եղեգն դառնալ,
երբ շուրջն ամեն ինչ երգում է ներդաշնակության մեջ:
Ձեզ միշտ ասել են, որ աշխատանքն անեծք է և աշխատանքը դժբախտություն է:
Իսկ ես ասում եմ ձեզ. երբ դուք աշխատում եք, դուք
կատարում եք Երկրի ամենավաղնջական երազանքի մի մասը,
Որ նախանշվել է ձեզ համար այն ժամանակներում, երբ
այդ երազանքը ծնունդ է առել,
Եվ, աշխատելով՝ դուք իսկապես սիրում եք Կյանքը:
Իսկ սիրել Կյանքը աշախատանքի միջոցով նշանակում է
մոտենալ Կյանքի խորագույն գաղտնիքին:
Բայց եթե ձեր տառապանքներում դուք դժբախտություն եք Ծնունդը կոչում
և մարմնի մասին հոգալը՝ անեծք, որը գրված է ձեր ճակատներին,
Ապա ես կպատասխանեմ. ձեր ճակատներին՝ քրտինքից բացի
ուրիշ ոչ մի բան չի կարող ջնջել նախանշվածը:
Նաև ասել են ձեզ, իբր Կյանքը խավար է, և դուք ձեր հոգնության մեջ կրկնում
եք այն, ինչ ասել են հոգնածները:
Իսկ ես ասում եմ. Կյանքն իրականում խավար է, երբ չկա ձգտում:
Ամեն ձգտում կույր է, երբ չկա գիտելիք:
Ամեն գիտելիք իզուր է, երբ չկա աշխատանք,
Ամեն աշխատանք անպտուղ է, երբ չկա սեր.
Եվ երբ դուք սիրով եք աշխատում, դուք ձեզ միացնում եք ինքներդ ձեր հետ
ու Աստծու հետ:
Իսկ ի՞նչ է նշանակում սիրով աշխատել:
Դա հագուստ կարելն է իր սրտի թելերից այնպես, ասես
այդ հագուստները քո սիրելին է հագնելու:
Դա տուն սարքելն է այնպիսի ջանքով, ասես այդ տանը քո սիրելին է ապրելու:
Դա քնքշանքով սերմեր ցանելը և ուրախությամբ
բերքը հավաքելն է այնպես, ասես պտուղները ճաշակելու է քո սիրելին:
Դա այն ամենը, ինչ դու անում ես՝ քո ոգու շնչառությամբ լցնելն է:
Եվ իմանալը, որ բոլոր օրհնված ննջեցյալները քո կողքին կանգնած նայում են:
Հաճախ եմ ես լսել, ինչպես եք դուք ասում ասես քնի մեջ, «Նա, ով
մարմար է քանդակում, և քարի մեջ իր հոգու կերպարն է ձեռք բերում,
ավելի վեհ է նրանից, ով հող է վարում: Եվ նա, ով ծիածան է որսում,
որպեսզի մարդու տեսքով տեղափոխի դա կտավի վրա,
ավելի վեհ է նրանից, ով սանդալներ է հյուսում»:
Բայց ես ասում եմ ձեզ, ոչ թե քնի մեջ, այլ միջօրեի հստակ արթնության, որ
քամին զրուցում է հզոր կաղնու հետ նույնքան քնքշորեն, որքան և խոտի
նրբագույն ցողունների հետ:
Եվ միայն նա է մեծ, ով երգի է վերածում քամու ձայնը, որ
նրա սիրուց ավելի քնքուշ է դառնում:

Աշխատանքը սեր է՝ տեսանելի դարձած:
Եթե դուք չեք կարողանում սիրով ջանք թափել, այլ աշխատում եք միայն զզվանքով, ապա ավելի լավ է թողնեք ձեր աշխատանքը, նստեք տաճարի դարպասների մոտ ու ողորմություն խնդրեք նրանցից, ովքեր ուրախությամբ են աշխատում:
Եթե դուք անտարբերությամբ եք հաց թխում, ապա ձեր հացը դառն է և
միայն կիսով չափ է հագեցնում մարդու քաղցը:
Եթե դուք ոչ բարի զգացումով եք խաղողը ճմռում, ապա այն թունավորում է գինին:
Եթե նույնիսկ դուք երգում եք հրեշտակների նման, բայց չեք սիրում երգել, ապա
դուք մարդկանց ականջներին թույլ չեք տալիս լսել օրվա ձայներն ու գիշերվա ձայները:

———————————————————-

Ռուսերենից թարգմանեց` Հրաչյա Ամիրյան:

Աղբյուրը. “Ապրելու արվեստը: Գիրք 6: Ինքնակերտում: Հոգեբանափիլիսոփայական առակներ”: Կազմող՝ Հ. Ամիրյան. – Եր.: Զանգակ–97, 2008.

Share Button

2 Կարծիք

  • Տիգրան Պասկեւիչյան says:

    Հարգելի «Գրանիշ»: Շնորհակալություն Ջբրան Խալիլ Ջբրանին անդրադառնալու համար, բայց ինչու եք ռուսերենից արված թարգմանություն հրապառակում, երբ ժամանակին սփյուռքահայ բանաստեղծ Վահե Վահյանը նույնը թարգմանել է բնագրից: Եւ շատ լավ է թարգմանել:

  • gohar rafayelyan says:

    ays groxi arcany amen or tesnum em mankakan aygum, gitei, vor paymanavorvel en, vor arabakanad erkrum el kangnecnen mer isahakyani arcany, u chgitei, te incher e grel,u hima amen inch parz e-mec pilisopa e, imastun…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *